Նվիրաբերել

Կարդալ Բոլոր Նորությունները

Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեան Առաջնորդ Ամն Արևմտեան Թեմի Եւ Ատենապետ Ս. Էջմիածնի Մայր Տաճարի Վերանորոգութեան Յանձնախումբի Կ’ուղևորուի Դէպի Հարաւային Ամերիկայի Պրազիլի Եւ Արժանթինի Թեմերը Օգոստոս 28 – Սեպտեմբեր 1-Ին Նուիրահաւաքի Առաքելութեամբ

Թեմ

Հրապարակված է: 08/24/2019


Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեան Առաջնորդ ԱՄՆ Արևմտեան թեմի և Ատենապետ Ս. Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգութեան յանձնախումբի կ’ուղևորուի դէպի Հարաւային Ամերիկայի Պրազիլի և Արժանթինի թեմերը Օգոստոս 28 – Սեպտեմբեր 1-ին Նուիրահաւաքի առաքելութեամբ

Սիրելի բարեպաշտ հայորդիք,

Ս. Էջմիածնի Մայր Տաճարը մեր նախնեաց քրիստոնէական հաւատքին ծննդավայրն է։ Մեր նախնիք մեզ են վստահած հոգևոր այս անկողոպտելի գանձարանը, և մեզի կը մնայ ոչ միայն պահպանել այն, այլև ապահովապէս փոխանցել գալիք սերունդներուն։

Ս. Էջմիածինը խորհուրդն է մեր գոյութեան։ Խոնարհուինք Ս. Էջմիածնի խորհուրդին առջև, որպէսզի Աստուած բարձրացնէ մեզ և առաջնորդէ մեր ազգը դէպի յաւերժութիւն։

Օգոստոս 29-30-ի օրերուն Առաջնորդ Սրբազան կ’ուղևորուի Պրազիլ, ուր կը հիւրընկալուի թեմի Առաջնորդ Գերշ. Տ Նարեկ եպիսկոպոսի և թեմական խորհրդի կողմէ և այնուհետև Օգոստոսի 31 – Սեպտեմբեր 1-ի օրերուն կ’այցելէ Արժանթին, ուր կը հիւրընկալուի թեմի Առաջնորդ Գերշ. Գիսակ Արքեպիսկոպոսի և թեմական խորհրդի կողմէ։ Կիրակի՝ 1 Սեպտեմբերին սրբազանը Ս. Պատարագ կը մատուցանէ Արժանթինի Առաջնորդանիստ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ։

Զոյգ թեմերու այցելութեան ընթացքին Առաջնորդ սրբազանը թեմերու հաւատացելոց պիտի փոխանցի Վեհափառ Հայրապետի օրհնութիւնները և հանգամանալից ներկայացնի Ս. Էջմիածնի Մայր Տաճարի նորոգութեան անյետաձգելի ծրագրերը։

Յաջորդիւ, Յովնան Սրբազանը պիտի շարունակէ իր այցելութիւնները ըստ հետևեալին.

Ա. Հոկտեմբերի 15-16-ի օրերուն Հիւսիսային Ամերիկայի երեք թեմերու Առաջնորդներու համատեղ հանդիպում և ծրագրաւորում նուիրահաւաքի։

Բ. Հոկտեմբերի 24-25-26-27-ի օրերուն յաջորդական այցելութիւններ Լոնտոն, Փարիզ և Վիեննա, և հանդիպումներ թեմակալ Առաջնորդներու և թեմական վարչութեանց հետ և նուիրահաւաքի նախապատրաստութիւն։

Գ. Հոկտեմբերի 2-ի և այնուհետև Հոկտեմբերի 31 – Նոյեմբերի 2-ի օրերուն Առաջնորդ սրբազանը յաջորդաբար կ’ատենապետէ նուիրահաւաքի յանձնախումբի ժողովներուն Մայր Աթոռի մէջ, նախագահութեամբ Վեհափառ Հայրապետի։

Դ. Նոյեմբերի 22-23-24-ի օրերուն յաջորդական այցելութիւններ Պելջիքա, Ամստերդամ և Միլան և հանդիպումներ տեղերու հովութեանց հետ ընկերակցութեամբ Գերշ. Տ. Խաժակ Արքեպիսկոպոսի։ 

Ե. Փետրուար 2020-ի երկրորդ կէսին նախատսեուած է այցելութիւն Աւստրալիայի և Նոր Զելանդիայի թեմ նուիրահաւաքի նպատակով։

            Դիւան Առաջնորդարանի


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները