Թեմ
Հրապարակված է: 01/21/2021
<<Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ իմանանալ զբանս հանճարոյ>> (Առակաց 1:2)
Աստվածաճանաչողությունը կյանքի ամենից կարեւոր սյունն է, քանզի նրանով է պայմանավորված մեր լինելիությունը` թե ներկայում, եւ թե մասնավորաբար ապագայում` <<Հավիտենական կյանքը այս է. որ ճանաչեն քեզ միակ ճշմարիտ Աստված, նաեւ Հիսուս Քրիստոսին, որ դու ուղարկեցիր>> (Հովհաննես 17:3)։
Հայց. Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան Թեմը խորապես գիտակցում է այս աստվածային ճշմարտությունը եւ, շարունակելով իր գրեթե մեկդարյա առաքելութունը` 2021 թ.-ին նախատեսել է հետեւյալ կրթական ծրագրերն ու առաքելությունները:
Քրիստոնեական Ուսուցման Դասընթացներ
2013թ-ից սկսած Արեւմտյան Թեմում իրականացվող այս մասնահատուկ դասընթացը նպատակ է հետապնդում մեր հավատավոր ժողովրդին ծանոթացնելու իր իսկ անգերազանցելի գանձին` մեր Սբ. Եկեղեցու անաղարտ ուսմունքին եւ վարդապետությանը, որն, ինչպես Սբ. Գրիգոր Տաթեւացին է ասում, հիմնական գրավականն է “ճշմարտությունից չշեղվելու” եւ տարաբնույթ կեղծ ուսմունքներից չմոլորվելու համար:
Գրեթե տասնամյակ տեւող այս դասնըթացների ընթացքում, մատուցվել են շուրջ 300-ի հասնող դասանյութեր, որոնք խիստ օգտակար են հանդիսացել մասնակիցների համար, եւ ամրացրել են իրենց, թե Քրիստոնեական, եւ թե ազգային նկարագիրն ու ինքնությունը:
Կարեւոր է արձանագրել, որ նման դասընթացներ առաջարկող հաստատությունները խիստ սակավ են եւ մեր շրջանի հավատացյալների համար բացառիկ հնարավորություն է ընձեռված օգտվել առաջարկվող այս առիթից:
Դասընթացները բաց են հանրության համար եւ հնարավորության դեպքում պիտի վերսկսվեն 2021թ-ի գարնանը:
“Սերունդների Կամրջում” (Bridging Generations)
Գաղտնիք չէ, որ երիտասարդ սերնդի ներկայությունը Եկեղեցու սրբազան կյանքում այնքան էլ ակնառու չէ: Այս երեւույթի պատճառը սակայն, ոչ թե երիտասարդության անտարբերությունն է, ինչպես կարծում են ոմանք, այլ երիտասարդներին ճիշտ մոտեցում ցուցաբերելու խնդիրը:
“Սրունդների կամրջում” անվանումը կրող ուսուցողական այս ծրագիրը նպատակ է հետապնդում երիտասարդերի հետ իմացական կամուրջ հաստատելը, որի շնորհիվ հայ երիտասարդը սկսում է ճանաչել իր սրբազան Ինքնությունը, կարողանում է պատասխաններ գտնել իրեն հուզող կենսական հարցերին: Ավելին, ծրագրի նպատակն է ուսյալ եւ եկեղեցասեր երիտասարդություն պատրաստել, որն իր հերթին պիտի դառնա ապագայի ջահակիրն ու վաղվա ուսուցիչը: Ուսուցողական հավաքներն իրականացվում են հիմնականում անգլերեն լեզվով եւ նորագույն տեղեկատվական միջոցների կիրառմամբ:
Ուրախ ենք տեղեկացնելու, որ գրեթե մեկ տարի առաջ հիմնված այս ծրագիրը, որն, իդեպ, երիտասարդների նախաձեռնությամբ է կյանքի կոչվել, դրական լուրջ ձեռքբերումներ է արձանագրել:
Այս ծրագիրը հիմնականում հասանելի է “Zoom”-ի միջոցով, եւ ցանկացողները կարող են արձանագրվել` զանգահարելով Առաջնորդարանի գրասենյակ: Հավաքներն իրականացվում են ամեն չորեքշաբթի երեկոյան 6:30-8:00-ի միջեւ ընկած ժամանակահատվածում:
Կիրակնօրյա դպրոցներում ուսուցանվող նյութերի դասացուցակ (Curriculum)
“Մանուկին դաստիարակիր ըստ այն ճանապարհորով որով նա պիտի գնա եւ ծերութեան ժամանակ նա չի հեռանա դրանից” Առակաց 22:6:
Հայց. Եկեղեցին լինելով մեր ազգի գլխավոր դաստիարակը` դարեր շարունակ առաջնորդվել է ավետարանական այն խոսքով, որն ասում է` «Թու՛յլ տվեք այդ մանուկներին եւ մի՛ արգելեք, որ նրանք ինձ մոտ գան, որովհետեւ Երկնքի Արքայությունը այդպիսիներինն է» (Մատթ. 19:4):
Արեւմտյան թեմը իր հիմնադրման օրվանից սկսած` շարունակում է այս սրբազան առաքելությունը, որի շնորհիվ բազում սերունդներ են առջնորդվել դեպի մեր Տերն ու Փրկիչը` Հիսուս Քրիստոս:
2020թ-ին թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան Արք. Տերտերյանը, հստակ նպատակ դրեց վերանայել կիրակնօրյա դպրոցների ուսուցման դասընթացները, նրանց մեթոդները, դասագրքերն ու աշակերտներին տրամադրվելիք նյութերը եւ վերջիններիս ուղղորդել մեր Սբ. Եկեղեցու դավանած եւ քարոզած ավանդություններին ու սրբազան արժեքներին:
Ուրախ ենք տեղեկացնելու, որ այս տարեշրջանում սկիզբ դրվեց մեր նախնական դասացուցակի դասավանդմանը, որը պայմանների բերումով ներկայում հիմնականում իրականանում է առցանց տարբերակով:
Ամենօրյա դպրոցների ուսուցիչների վերապատրաստում
Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան ափը, իր ամենօրյա վարժարանների եւ դպրոցների թվով, հանդիսանում է երկրորդը` Մայր Հայրենիքից հետո: Այստեղ հազարավոր պատանիներ են ուսանում, որոնք ծարավ են մաքուր եւ կենարար աղբյուրի` քրիստոնեական հիմնարար գիտելիքի: Այս զորա-վոր գիտելիքն է, որն իբրեւ անխոցելի վահան ամրացնելու է նրանց ու պատսպարելու ապագայում սպասվող թշնամու “մխացող նետերից” (Եփեսացիս 6:16):
Եկեղեցի – Ամենօրյա Հայ Վարժարան կապը, որը լրջորեն ամրապնդվել է վերջին տասնամյակների ընթացքում, նոր նախաձեռնությամբ ի հայտ եկավ: Ի շարս այլ միջոցառումների` նպատակ դրվեց իրագործել եւս երկու հիմնական ծրագիր: 1) Կազմակերպել մեր ամենօրյա դպրոցների կրոնի ուսուցիչների վերապատրաստում: 2) Կազմակերպել մասնահատուկ հոգեւոր բնույթի ուսուցողական միջոցառումներ, որոնք խթանելու են հոգեւոր արժեքների հանդեպ պատանիների տածած սիրո եւ ճանաչո-ղության աճին:
Ծրագիրը ժամանակավորապես ընդհատվել է համաճարակի պատճառով, սակայն հույս ունենք, որ մոտակա ժամանակներում կազմակերպչական աշխատանքները կվերսկսվեն ամենօրյա վարժարանների տնօրենների հետ:
Եկեղեցագիտական Առ Ցանց Համալսարան
Հայ մարդը դարեր շարունակ աչքի է ընկել իր համապարփակ գիտելիքներով եւ փայլուն կրթությամբ, որն էլ ձեռք է բերվել մեր հազարավոր վանք-համալսարանների փոխանցած բարձրագույն կրթության շնորհիվ:
Այդ համալսարաններից շատերը գտնվել են մեր պատմական Հայրենիքից դուրս` գաղթօջախներում:
Լինելով մերօրյա մեծագույն գաղթօջախներից մեկը` Արեւմտյան թեմը Առաջնորդ Սրբազան հոր տեսլականով, նախաձեռնել է առցանց Ազգային – Եկեղեցագիտական համալսարանի հիմնադրման աշխատանքներ, որի ուսուցչական անձնակազմը բաղկացած է լինելու աշխարհի տարբեր բուհերում դասավանդող մեր անվանի մասնագետներից:
Ուրախ ենք տեղեկացնելու, որ նախնական աշխատանքներն արդեն իսկ սկսվել են, եւ ծրագիրը մոտենում է իրականացման գլխավոր փուլին:
Գրքերի պատրաստություն, հրատարակություն
<<Գրասերը աստվածասեր է կոչվում եւ` է>> (Վարդան Այգեկցի):
Վերջին երկու տասնամյակների ընթացքում Արեւմտյան թեմը հրատարակել է ավելի քան երեք հարյուր գրական աշխատություն, որոնց մեջ զգալի քանակ են կազմում առաջնորդ Սրբազան հոր հեղինակած գրքերը:
Սրբազան Հայրը հեղինակ է շուրջ 90 գրական աշխատությունների եւ իր գրիչով տասնամյակներ շարունակ լուսավորում է մեր գաղութի հավատացելոց մտքերը եւ գրավում վերջիններիս իր անմիջականությամբ, խորաթափանցու-թյամբ եւ հոգեկանությամբ:
Այս տարի եւս հրատարակման է նախապատրաստվում Հովնան Արք. Տերտերյանի հեղինակած մի շարք գրքեր, որոնց ցանկը կցում ենք նյութին:
Աղա-Սարգսյան Գրադարան
Արեւմտյան Թեմը վերջին մեկ եւ կես տասնամյակի ընթացքում կարողացավ իրագործել մի մեծ առաքելություն` հիմնել Աղա-Սարգսյան գրադարանը, որը համալրվեց տասնյակ հազարավոր օգտաշատ գրքերով եւ պարբերականներով շուրջ հազարի հասնող հնատիպ գրքերով եւ գրեթե մեկ տասնյակի հասնող արժեքավոր ձեռագրերով:
Այսօր վստահաբար կարելի է արձանագրել, որ Առաջնորդարանի Աղա-Սարգսյան գրադարանը հանդիսանում է սփյուռքի ամենից հարուստ հայագիտական գրադարաններից մեկը, որի նպատակն է հավաքագրել Հայ Ազգին եւ Եկեղեցուն վերաբերող հնարավոր աղբյուրները եւ պահպանելով` փոխանցել մեր հաջորդ սերունդներին: Այս սրբազան առաքելութունը խիստ հրատապ է, քանզի համաշխարհայնացումի (globalization) եւ թշնամական պետությունների զավթողական եւ ուրացողական քաղաքանության պատճառով այսօր առավել քան երբեւէ մեծ վտանգ է սպառնում մեր ազգային ինքնուրույն գոյության:
Գրադարանը, բաց է հանրության առջեւ, եւ ցանկացողները կարող են փոխառել մեր անզուգական գրական գոհարները:
<<Զորայան>> թանգարան
<<Ազգերը կարժեն այնքան, որքան իրենց ստեղծած հոգեւոր գանձերը>>
(Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս)
2010թ-ից սկսած Սրբոց Ղեւոնդյանց Մայր Տաճարի ներքնահարկում հիմնադրվեց “Զորայան” թանգարանը, որն իր գոյության տաս տարիների ընթացքում հասցրեց վերածվել գաղութի մշակութային կենտրոնի: Մեզ մոտ ցուցադրվել են շուրջ հինգ տասնյակի հասնող անվանի եւ տաղանդաշատ արվեստագետների աշխատանքներ, իրականացվել են բազում գրական երեկոներ, կազմակերպվել են հարյուրավոր դասախոսություններ եւ Սբ. գրային սերտողություններ, սրահն օգտագործվում է նաեւ Շաբաթօրյա եւ Կիրակնօրյա վարժարանների աշակերտների համար, ովքեր հաճախելով ուսանում են, թե իրենց մայրենին ու մշակույթը, եւ թե քրիստոնեական անմահ ճշմարտություններ:
Թանգարանը բաղկացած է մնայուն եւ շարժական ցուցասրահներից: Կարեւոր է նշել, որ մնայուն ցուցասրահի պատմական իրերի մեծամասնությունը նվիրվել է մեր հավատացյալների կողմից, ովքեր առաջնորդվել են այն սկզբունքով, որ ազգի գանձերը պիտի վերադարձվեն ազգին:
Ավելորդ չեմ համարում նշել նաեւ, որ այս տարիների ընթացքում բազում օտար խմբեր այցելել են Զորայան թանգարան, ականատես դարձել մեր բարձրաճաշակ արվեստին եւ պատմությանը եւ ծանոթանալով մեր մշակույթին` ավելի հստակ պատկերացում կազմել մեր ազգի մասին:
Այսօր եւս թանգարանը պատրաստ է ընդունել թանգարանային իրեր իսկ համաճարակից հետո պատրաստ կլինի ընդունել այցելուների:
Միջեկեղեցական հարաբերություններ (Ecumenical Relations)
Մեր Տերն ու Փրկիչը` Հիսուս Քրիստոս, աշխարհ եկավ հիմնելու Մեկ Եկեղեցի, մեկ անառիկ ժայռ` այնքան ամուր, որ` <<դժոխի դռներն անգամ չկարողանան այն հաղթահարել>> (Մատթ. 16:17): Եկեղեցու ամրությունը Տերն աղերսեց միության եւ միասնականության հետ` <<որպեսզի ամենքը մի լինեն>> (Հովհ. 17:21): Տիրոջ Առաքյալները հստակ գիտակցեցին այս միության կարեւորու-թյունը եւ իրենց աշակերտներին պատգամեցին ամեն գնով պահպանել այդ միությունը` <<Եւ հավատացյալների բազմությունը մեկ սիրտ ու մեկ հոգի էր>> (Գործք 4:32):
Հայց. Եկեղեցին իր պատմության ընթացքում տենչացել է Քրիստոսի Եկեղեցու միության վերահաստատմանը եւ մինչեւ օրս էլ շարունակում է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: Խոսքիս ապացույց է հանդիսանում` տեղական միջեկեղեցական բոլոր հիմնական խորհուրդների աշխատանքներին մեր Եկեղեցու բերած ակտիվ մասնակցութունը:
Կարող եմ վկայել, որ վերջին տասնամյակի ընթացքում Հայց. Եկեղեցու Արեւմտյան Թեմը դարձել է յուրահատուկ կապող օղակ Ուղղափառ, Կաթոլիկ եւ Բողոքական-Ավետարանական եկեղեցիների միջեւ:
Ավելին, բացի կառուցողական իր լուրջ դերից, թեմը իր հյուրընկալ դռներն է բացել քույր եկեղեցիների հանդեպ եւ աղոթքի եւ խաղաղ երկխոսության միջոցով փորձում է իր կարելին ներդնել բաղձալի նպատակին հասնելու համար: Որպես օրինակ կարող ենք բերել Արեւմտյան Թեմի միջեկեղեցական գրասենյակի կազմակերպած ամենամյա միջեկեղեցական աղոթքի երեկոները, որոնք ապահովում են միջեկեղեցական ամենից մեծ մասնակցությունը այս տարածաշրջանում:
Ավարտելով համառոտ հաղորդագրություն-հաշվետվությունս ցանկանում եմ փառք առաքել մեր Երկնավոր Հորը, որ մեզ առիթ ընծայեց ծառայելու մեր ժողովրդին եւ հուսալ, որ վերոհիշյալ ծրագրերը ոչ միայն կշարունակվեն, այլեւ նոր թափ կստանան` ի փառս Աստծո եւ ի բարօրություն Հայց Եկեղեցու:
Փառք Քեզ Աստուած, փառք Քեզ, յաղագս յամենայնի Տէր, փառք Քեզ:
Հայկ Մադոյան
Հունվար 20, 2021