Նվիրաբերել

Տոն Վարագա Սուրբ Խաչի

Թեմ

Հրապարակված է: 09/25/2025


ՏՈՆ ՎԱՐԱԳԱ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ

(Վարագայ Սուրբ Նշանի կամ Սուրբ Խաչի վանք)

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Վարագա Սուրբ Խաչի տոնը։ Սա ոչ միայն ազգային, պատմական ու հոգևոր հիշատակություն է, այլև ապրող պատգամ մեզանից յուրաքանչյուրի համար։ Խաչի խորհուրդը մշտապես մեզ հիշեցնում է աստվածային սերը, զոհաբերությունը և հույսը, որով մենք կարող ենք հաղթահարել կյանքի ամեն մի փորձություն։

Խաչը մեզ համար նշան է հաղթանակի։ Այն ցույց է տալիս, որ տառապանքը և դժվարությունը վերջնական չեն։ Քրիստոս խաչով հաղթեց մահվանը և բերեց հարություն։ Եվ սա հորդոր է մեզ, որ յուրաքանչյուր փորձության մեջ տեսնենք ոչ թե փակուղի, այլ ճանապարհ դեպի լույս և նոր սկիզբ։ Երբ մենք մեր կյանքի դժվարությունները կրում ենք համբերությամբ և առ Աստված հավատով, այդ խաչերը վերածվում են օրհնության, փրկության ու զորության աղբյուրի։ Գողգոթայի ճանապարհին Քրիստոսի Խաչափայտը կրող Սիմոն Կյուրենացին հենց այդպես արեց․ «Խաչը ձեր կյանքում մեծագույն օրհնություն է։ Եթե ճիշտ կրեք, այն ոսկու պիտի վերածվի։ Այդ առավոտ խաչը, որ կրեցի, իմ ոտքերը դրեց մի ճանապարհի վրա, որ ինձ առաջնորդեց մեծագույն հավիտենական գանձին։ Ինձ տարավ Գողգոթա, և Գողգոթայում էր, որ սովորեցի հասկանալ և հավատալ Աստծո Գառին, որ աշխարհի մեղքը սրբեց։ ․․․ Գողգոթայի վրա ես գտա Փրկչին։ ․․․ Խաչը, որ պարտավորվեցի կրել Քրիստոսի համար, ինձ հավիտենական օրհնություն բերեց։ Օրհնյալ են նրանք, ովքեր կամավորապես վերցնում են իրենց խաչը և հետևում են Քրիստոսին» (Տ․ Վազգեն արք․ Քեշիշյան, Ճանապարհ դարձի, Սուրբ Էջմիածին, 2015, էջ 54)։

Վարագա Սուրբ Խաչի տոնը մեզ հիշեցնում է հավատքի անսասանության մասին․ Քրիստոսի Խաչափայտի մասունքը պահվել է դարեր շարունակ՝ հակառակ պատմության հոլովույթներում տեղի ունեցած տարբեր հալածանքների ու պատերազմների։ Սա օրինակ է մեզ, որ մեր հավատքը պետք է լինի ամուր ու անխորտակելի, որքան էլ կյանքը փորձի կոտրել մեզ։

Այսօր, երբ աշխարհը լի է անորոշություններով, վախերով և բազում վտանգներով ու փորձություններով, խաչի պատգամը հնչում է առավել ուժգին․ չկորցնել հույսը։ Մենք կոչված ենք լինելու սիրո գործակիցներ, բարիք տարածողներ և արդարության կրողներ։ Երբ մարդը իր սրտում կրում է խաչի խորհուրդը, նա չի կարող անտարբեր մնալ ուրիշի ցավի հանդեպ։

Թող Վարագա Սուրբ Խաչի տոնը լինի առիթ, որ վերանորոգենք մեր հավատքը, ուժ գտնենք հաղթահարելու դժվարությունները և նորոգենք մեր սրտերը սիրո մեջ։ Խաչը թող առաջնորդի մեր քայլերը դեպի ճշմարտություն, խաղաղություն և լույս, որ մեր կյանքը ապրենք հավատքով, ընթանանք հույսով և գործենք սիրով։

ՄԻՔԱՅԵԼ սարկավագ ՄԱՐԳԱՐՅԱՆ


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները