Թեմ
Հրապարակված է: 09/26/2025
Սույն թվականի Սեպտեմբերի 25-ի առավոտյան Արևմտյան թեմի առաջնորդարանից ներս հյուրընկալվեցին Լոս Անջելեսի հայկական հինգ ամենօրյա դպրոցների տնօրեններ ու ներկայացուցիչները։ Գեղեցիկ ավանդույթի համաձայն ամեն ուսումնական տարվա սկզբին հայկական դպրոցների տնօրեններն այցելություն են կատարում Արևմտյան թեմ հանդիպելու համար Առաջնորդ Սրբազան Հորը, ստանալու նրա օրհնությունը և քննարկելու դպրոցներից ներս իրականացվող հոգևոր և ազգային ծրագրեր։ Այս անգամ հյուրընկալվել էին Հովսեփյան, Սահակ-Մեսրոպ, Քույրերի ակադեմի, Մերդինյան, Մանուկյան-Դեմիրճյան վարժարանների տնօրեններն ու նրանց ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին աշակերտներին, դասընթացներին, հոգևոր կրթությանը, Առաջնորդ Սրբազանի այցելություններին առընչվող հարցեր։
Ինչպես նախկինում, այժմ ևս՝ Հովնան Սրբազանն իր անվերապահ աջակցությունն ու պատրաստակամությունը հայտնեց դպրոցներից ներս հոգևոր կրթության զարգացման և խորացման առիթով։ Մասնավոր նշանակումներ կատարվեցին և վերահաստատվեցին առանձին դպրոցների պարագայում՝ հոգևոր դասընթացների կազմակերպման համար։ Որոշվեց այս տարի Սուրբ Ծննդյան հանդեսը կատարել Դեկտեմբերի 5-ին՝ մասնակցությամբ բոլոր դպրոցների աշակերտների։
Հընթացս Սուրբ Ծննդյան հանդեսի դպրոցների աշակերտները հավաքվում են Առաջնորդարանից ներս, միասին տոնախմբում Սուրբ Ծնունդը, միասին ճաշում, շփվում իրար հետ, ապա Հովնան Սրբազանի ձեռքից ստանում իրենց խորհրդանշական նվերները և ուրախ սրտով վերադառնում իրենց դպրոցները։