Թեմ
Հրապարակված է: 10/02/2025
Ս. Կիրակոս Հայաստանյայց Առաքելական եկեղեցին, համագործակցությամբ Ամերիկայի Հայոց Արևմտյան Թեմի հետ, ուրախությամբ հայտարարում է «Երեխաների Խնամքի» կենտրոնի բացումը։ Սույն կետրոնը ծառայելու է Լաս Վեգասում բնակվող հատկապես երիտասարդ ծնողների երեխաների խնամքի համար ազգային-քրիստոնեայական մտնոլորտում, ապահով և սիրով լի միջավայրում։


«Երեխաների Խնամքի» կենտրոնի շինարարությունը իրականացվում է GB Construction Group ընկերության կողմից, որը նաև կառուցել է Ս. Կիրակոս եկեղեցին։ Եկեղեցու պատարագներին ներկա եղողները կարող են տեսնել շինարարական առաջընթացը։ Շինարարների հավաստմամբ՝ ծրագիրը նախատեսվում է ավարտել շուրջ մեկ տարվա ընթացքում։


Կենտրոնը կգործի լիցենզավորված և որակավորված մասնագետի կողմից՝ Արևմտյան Թեմի և ծուխի հովվի անմիջական հսկողությամբ։ Այն նպատակ ունի ոչ միայն ապահովել բարձրակարգ խնամք, այլև ստեղծել հոգևոր, մշակութային, սոցիալական և ակադեմիական աճին նպաստող միջավայր։

«Այս նախաձեռնությունը պարզապես մանկապահություն չէ․ այլ՝ սիրով և հավատով լեցուն միջավայր ստեղծելու մասին է, որտեղ երեխաները կարող են զարգանալ, ծաղկել և հաճելի արդյունավետ օր անցկացնել», — հաստատել է Տեր Սասուն Ծ. Վրդ. Զմրուխտյանը, Ս. Կիրակոս եկեղեցու հովիվը։ «Մենք այս արդիական «Երեխաների Խնամքի» կենտրոնը ծառայացնելու ենք թե՛ հայ, և թե՛ ոչ հայ ընտանիքների երեխաների համար, որոնք իրենց երեխաների վաղ զարգացման համար փնտրում են ապահով և ոգեշնչող վայր»։
Լաս Վեգասի՝ Սուրբ Կիրակոս Եկեղեցական համայնքը և Արևմտյան Թեմը «Երեխաների Խնամքի» կենտրոնի ծրագրով մարմնավորում է մեր ազգային սուրբ եկեղեցու հավատքի և ծառայության առաքելությունը՝ իր ծիսկան և քարոզչական առաքելության առընդեր աջակցում է ընտանիքների առօրյա կարիքներին։ Արևմտյան Թեմի օրհնությամբ և առաջնորդությամբ այս կենտրոնը կարևոր քայլ է ծխական համայնքի շարունակական նվիրումի մեջ՝ ուժեղացնելու համայնքային կյանքը Լաս Վեգասում։
2025 թ․ հոկտեմբերի 1
Լաս Վեգաս, Նևադա