Նվիրաբերել

Օրեգոնի Սուրբ Գևորգ Եկեղեցու Անվանակոչության Տոնը

Թեմ

Հրապարակված է: 10/03/2025


Օրեգոնի Սուրբ Գևորգ եկեղեցու անվանակոչության տոնը

Սույն թվականի Սեպտեմբերի 28-ին, Օրեգոնի Սուրբ Գևորգ եկեղեցին տոնում էր իր անվանակոչության տոնը։

Տոնի առթիվ հայ համայնքին այցելել էր Արեւմտյան Ամերիկայի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։ Սրբազան հայրը իր հայրական օրհնությունը փոխանցեց նաև «Հովհաննես Թումանյան» անվան կիրակնօրյա դպրոցի սաներին։

Պատարագի ընթացքում տեղի ունեցավ ձեռնադրություն. համայնքի չորս երիտասարդներ ստացան դպրական աստիճան, իսկ մեկ երիտասարդ արժանացավ ուրարակրության շնորհի։ Սրբազան հայրը շնորհավորեց համայնքին՝ նորանշանակ հոգևորականի առթիվ։

Իր քարոզի մեջ Սրբազան հայրը պատգամ ուղղեց նոր ձեռնադրվածներին՝ կոչ անելով լինել ծառայասեր, նվիրված և պատասխանատու։ Նա նաև իր գնահատանքն արտահայտեց համայնքի ակտիվ անդամներին՝ ընդգծելով այն երկար ու դժվար ճանապարհը, որը անցել է համայնքը՝ իր հիմնադրումից մինչ օրս։ Այս առիթով Սրբազանը համայնքի հինգ ներկայացուցիչների պարգևատրեց օրհնության գրերով։

Տոնական միջոցառումը շարունակվեց եկեղեցու սրահում, որտեղ կանանց միությունը կազմակերպել էր տոնական ընթրիք և մատուցել ավանդական դարձած մատաղ։ Սրբազան հայրը օրհնեց սեղանները և ողջ համայնքին։

Սրբազան Հոր այցը մեծ ոգևորություն պարգևեց համայնքին։ Սուրբ Գևորգի տոնը դարձավ վերանորոգման և լուսավոր ապագայի խոստումնալից սկիզբ Օրեգոնի հայ համայնքի համար։


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները