Նվիրաբերել

Սուրբ Խաչի Հինգերորդ Կիրակի - Կիրակի, 12 Հոկտեմբերի, 2025Թ․

Թեմ

Հրապարակված է: 10/10/2025


ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԿԻՐԱԿԻ - Կիրակի, 12 հոկտեմբերի, 2025թ․

Սրտի լուման որպես Աստծո գանձ

«Ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ չքավոր այրին ավելի շատ գցեց, քան գանձանակի մեջ մյուս բոլոր դրամ գցողները, քանի որ ամենքը իրենց ավելորդից գցեցին, իսկ նա, իր չքավորությունից, գցեց ամեն ինչ, որ ուներ՝ իր ամբողջ ապրուստը» (Մարկ․ 12․43-44)

Աղքատ այրու մասին պատմող Ավետարանական ընթերցումը մեզ հիշեցնում է մի մեծ ճշմարտություն․ Աստծո աչքում արժեքավոր չէ մեր տվածի քանակը, այլ մեր սրտի նվիրումը։ Մարդկային չափումներով մենք սովոր ենք գնահատել ամեն բան թվերով, մեծություններով ու կշռով։ Սակայն Քրիստոս ցույց է տալիս, որ Աստծո առաջ գործում է այլ չափանիշ․ զոհաբերության մաքրությունն ու սիրո խորությունը։

Տաճարի գանձանակի մոտ մարդիկ իրենց նվիրատվություններն էին բերում։ Շատերը առատաձեռնորեն մեծ գումարներ էին դնում, և ըստ աշխարհիկ դատողության՝ նրանց ընծան ամենից շատ արժեր։ Բայց Հիսուս առանձնացրեց աղքատ մի այրու, որ դրեց ընդամենը երկու փոքր լումա։ Մարդկային աչքին դա աննշան էր, բայց Աստծո աչքում՝ անգնահատելի։

Այրին չտվեց ավելորդից, այլ տվեց իր ամբողջ ապրուստը։ Նրա ընծան ոչ թե գումարի արժեք ուներ, այլ ինքնընծայության ուժ։ Այստեղ է թաքնված Ավետարանի խոր խորհուրդը․ Աստված նայում է ոչ թե մեր ձեռքերին, այլ մեր սրտին։ Այս պատգամը մեզ կոչ է անում վերստին մտածել մեր ծառայության, մեր ժամանակի և մեր նվիրումների մասին։ Կարող ենք մեծ բարիքներ անել, բայց եթե դրանք զուրկ են սիրուց, ուրեմն դատարկ են։ Իսկ եթե նույնիսկ փոքրիկ գործ ենք անում անկեղծությամբ ու հավատքով, դա Աստծո առաջ դառնում է մեծագույն պարգև։ Աստված մեզանից չի պահանջում ավելին, քան կարող ենք տալ։ Նա չի չափում մեր նվիրումը դրամի կշռով կամ արտաքին շքեղությամբ. Նա նայում է մեր սրտի մաքրությանը։

Այսօր, երբ աշխարհն արժեքը չափում է թվերով, գումարներով և ցուցադրականությամբ, Աստված շարունակում է նայել մեր սրտի խորքը։ Նա տեսնում է, երբ մենք աղոթում ենք անկեղծությամբ, երբ մեկ բարի խոսք ենք ասում մեր մերձավորին, երբ համեստորեն օգնում ենք կարիքավորին, նույնիսկ եթե դա փոքրիկ է թվում։ Այդ փոքրիկ, բայց սրտից բխող քայլերը դառնում են անգին գանձ Աստծո աչքում։

Եկեք մեր կյանքը դարձնենք ոչ թե թվերի մրցավազք, այլ՝ սիրո, հավատքի և նվիրումի ճանապարհ։ Եկեք սովորենք այրու օրինակով՝ սիրով ու հավատքով ընծայել ոչ թե ավելորդը, այլ այն, ինչ գալիս է մեր ներսից, մեր սրտի խորքից։ Թող մեր կյանքը դառնա ոչ թե թվերի ու հաշվարկի, այլ սիրո ու զոհաբերության վկայություն, թող մեր սրտի լուման դառնա Աստծո գանձ՝ լցված սիրով, հավատքով և խոնարհությամբ։ Եվ թող մեր կյանքը լինի վառ օրինակ, որ նույնիսկ ամենափոքր բանը, երբ արվում է սիրով, դառնում է երկնային արժեք, ինչպես սուրբ Պողոս առաքյալն է ասում․ «Ձեր ամեն ինչը սիրով թող լինի» (Ա Կորնթ․ 16։14)։

ՄԻՔԱՅԵԼ սարկավագ ՄԱՐԳԱՐՅԱՆ


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները