Նվիրաբերել

Կարդալ Բոլոր Նորությունները

Սուրբ Խաչի Վեցերորդ Կիրակի - Կիրակի, 19 Հոկտեմբերի, 2025Թ․

Թեմ

Հրապարակված է: 10/17/2025


ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ՎԵՑԵՐՈՐԴ ԿԻՐԱԿԻ - Կիրակի, 19 հոկտեմբերի, 2025թ․

Նախանձախնդիր լինենք բարի գործերի համար

«Բայց լավ է միշտ նախանձախնդիր լինել բարի բաներին (Գաղատ․ 4։18)

Պողոս առաքյալի այս պատգամը՝ «Լավ է միշտ նախանձախնդիր լինել բարի բաներին», այսօր ևս նույնքան արդիական է, որքան այն ժամանակ, երբ այն հնչեց: Բարի բաների նկատմամբ նախանձախնդրությունը, ի տարբերություն թշնամանք կամ դառնություն ստեղծող նախանձի, նշանակում է ջանք գործադրել՝ առաջ մղվելու, ինքներս մեզ բարելավելու և լույս վարակելու մյուսների կյանքի մեջ: Այս խոսքը մեզ հիշեցնում է, որ մարդկային կյանքը նպատակ չունի միայն ինքնահաստատվելու վրա, այլ՝ հարստացնելու մեր հասարակությունը բարի գործերով, սիրով և հանդուրժողականությամբ:

Ներկա ժամանակաշրջանում, երբ սոցիալական ցանցերը հաճախ դիտարկվում են որպես մարդու ձեռքբերումների ցուցադրության հարթակ, հեշտ է դառնալ նախանձի զոհ: Մարդիկ տեսնում են ուրիշի հաջողությունը, մեքենան, աշխատավարձը կամ արձակուրդը և կորցնում սեփական արժևորումը, ընկնում չարամտության մեջ և կորցնում ինքնավստահությունը: Սակայն այս դեպքում Պողոս առաքյալի այս պատգամը հիշեցնում է՝ նախանձախնդրությունը պետք է լինի հուշակետ, որ մեզ դրդի սովորելու, աճելու և բարին ստեղծելու ճանապարհին դառնալ ավելի նպատակասլաց: Օրինակ, եթե մեր ընկերը կամ հարևանը կամավոր է լինում հասարակությանը ծառայելու մեջ կամ նոր գործ է սկսում, մենք պետք է նախանձախնդիր լինենք նրա բարի գործերի նկատմամբ, ոչ թե ատելությամբ կամ թշնամանքով՝ այլ որպես խթան, որ ինքներս նույնպես ներդրում կատարենք մեր և մեր շրջապատի բարօրության համար, այսինքն՝ պետք է ոգեշնչվենք և մտածենք՝ ես ինչ բարի բան կարող եմ անել իմ շուրջը:

Բարի բաներին նախանձախնդիր լինելը նաև օգնում է կառուցել առողջ հասարակություն: Երբ մարդիկ ոգեշնչվում են միմյանց օրինակներով, նրանք սկսում են համագործակցել, օգնել և ավելի քիչ ուշադրություն դարձնել անհարկի մրցակցությանը: Դա տեսնում ենք բազմաթիվ սոցիալական նախաձեռնություններում, որտեղ հատկապես երիտասարդները ոգեշնչվում են միմյանց նախաձեռնություններից՝ ստեղծելով ծրագրեր աղքատներին և երեխաներին օգնելու, բնությունը պահպանելու և կրթությունը բարելավելու ուղղությամբ․ սրանք ստեղծում են էական ազդեցություն միայն այն պատճառով, որ մեկ բարի գործ ոգեշնչում է մյուսին։

Պողոս առաքյալի պատգամը մեզ հրավիրում է առաջնորդվելու սիրով, համեստությամբ և նպատակասլացությամբ: Նախանձախնդրությունը բարի բաների նկատմամբ պետք է դառնա մեր շարժիչ ուժը՝ ոչ թե որպես անձնական բարկության պատճառ, այլ որպես առաջընթացի, հոգևոր և բարոյական աճի խթան: Ժամանակակից աշխարհում, երբ հաճախ մարդիկ մոռանում են սեր և հարգանք ցուցաբերել միմյանց հանդեպ, այս պատգամը հիշեցնում է՝ ցանկացած բարի բան կարող է լույս բերել ոչ միայն ուրիշների կյանքում, այլև մեզ մոտ ներշնչել ուժ, հույս և նպատակակետ: Բարու հանդեպ նախանձախնդրությունը կարող է լինել մեր ժամանակակից աշխարհում լույս տարածելու և հույս սերմանելու ամենահզոր միջոցը:

ՄԻՔԱՅԵԼ սարկավագ ՄԱՐԳԱՐՅԱՆ


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները