Նվիրաբերել

Կարդալ Բոլոր Նորությունները

Գյուտ Սուրբ Խաչի - Կիրակի, 26 Հոկտեմբերի, 2025Թ․

Թեմ

Հրապարակված է: 10/22/2025


ԳՅՈՒՏ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ - Կիրակի, 26 հոկտեմբերի, 2025թ․

Տիրոջ Խաչը գտնվել է, որպեսզի մենք էլ գտնենք մեր ճանապարհը դեպի Աստված

Խաչի Գյուտի տոնը հիշեցում է այն օրվա, երբ հայտնաբերվեց Քրիստոսի խաչը՝ մարդկության փրկության խորհրդանիշը՝ աշխարհին կրկին բերելով հույս ու խաղաղություն։ Սակայն այս տոնը միայն անցյալի հիշողություն չէ․ այն կենդանի հրավեր է մեզնից յուրաքանչյուրին` գտնելու սեփական խաչը և այն վերածելու փրկության աղբյուրի։ Այս տոնը խորհրդանշում է մեր հոգևոր կյանքում այն պահը, երբ մենք ևս գտնում ենք մեր խաչը՝ մեր փորձությունների, ցավերի ու պայքարների մեջ թաքնված աստվածային խորհուրդը։

Այսօր՝ Խաչի գյուտի տոնին, մեր հոգիները վեր են նայում դեպի այն խաչը, որը մի ժամանակ կորած էր, բայց Աստծո ողորմությամբ կրկին հայտնվեց։ Տիրոջ փրկարար խաչը ոչ միայն պարզ փայտի կտոր է, այլ հավիտենական հիշեցում, որ Տերը չի մոռանում իր ժողովրդին։ Այն հայտնվում է որպես լույս խավարի մեջ, որպես հույս հուսահատության պահին և որպես հաղթություն՝ տառապանքի միջով անցնելուց հետո։

Մեր կյանքի ճանապարհին բոլորս էլ կրում ենք մեր խաչը․ երբեմն այն ծանր է՝ ցավով, կորուստով ու անորոշությամբ լի։ Երբեմն թվում է, որ չենք կարող տանել այն, սակայն հենց այդ պահին է ծնվում հավատքի զորությունը։ Երբ խաչը մնում է միայն ցավ, այն կոտրում է մեզ, բայց երբ այն վերածվում է Աստծո հանդեպ սիրո ու վստահության՝ դառնում է օրհնություն։

Խաչը մեզ սովորեցնում է, որ Աստծո ճանապարհը միշտ ուղեկցվում է սիրով, բայց հաճախ անցնում է փորձությունների միջով։ Երբ մենք կոտրված ենք, երբ կարոտը մեզ խեղդում է, երբ մենակության զգացումը մեզ պատում է, խաչը հիշեցնում է Եսայու մարգարեության գեղեցիկ հատվածը՝ «Տերն է մեր Հայրը, Տերն է մեր Դատավորը, Տերն է մեր Իշխանը, Տերն է մեր Թագավորը, Տերն է մեր Փրկիչը․ Նա է փրկելու մեզ» (Եսայի 33։․22)։ Մարգարեական այս խոսքերը ոչ միայն մխիթարություն են, այլ վավերացում, որ մեր փրկությունը հաստատված է Տիրոջ մեջ։ Այս խոսքերը լույս են խավարի մեջ՝ վկայություն այն մասին, որ Տերը երբեք միայնակ չի թողնում իր զավակներին․ Նա մեզ հետ է մեր խաչի ճանապարհին՝ ոգեշնչելով և զորացնելով մեզ։

Խաչի գյուտի այս տոնը հրավեր և կոչ է մեզ վերագտնելու մեր հավատքը, վերականգնելու մեր վստահությունը և խաչի լույսով լուսավորելու մեր կյանքի ճանապարհը։ Թող այն լինի հիշեցում, որ նույնիսկ հեռու լինելով սիրելիներից, նույնիսկ լինելով դժվարությունների մեջ, մենք մշտապես մնում ենք Տիրոջ հայրական հոգատար հայացքի ներքո։ Թող այս տոնը վերածնի մեր մեջ այն հույսը, որ ամեն ցավ ունի իր վերափոխումը և ամեն խաչ՝ իր հարությունը։ Թող այս օրը լցնի մեր սրտերը խաղաղությամբ, մեր հոգիները՝ հույսով և մեր կյանքը՝ նոր զորությամբ․ Տիրոջ Խաչը գտնվել է, որպեսզի մենք էլ գտնենք մեր ճանապարհը դեպի Աստված, ասելով․ «Տեր, զորացրու մեզ, որ մեր խաչը կրենք հավատքի լույսով, որովհետև Դու ես մեր Հայրը և մեր Փրկիչը»։

ՄԻՔԱՅԵԼ սարկավագ ՄԱՐԳԱՐՅԱՆ


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները