Նվիրաբերել

Կարդալ Բոլոր Նորությունները

Տեղի Ունեցան Հեհեմ-Ի Հերթական Ժողովները

Թեմ

Հրապարակված է: 12/20/2016


Տեղի ունեցան ՀԵՀԵՄ-ի հերթական ժողովները

2016 թ. Դեկտեմբերի 14-18-ը Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) Եվրոպայի տարածաշրջանը գումարեց իր հերթական տարածաշրջանային եռափուլ ժողովները Լոնդոնում (14-15 դեկտ.), Ստոկհոլմում (16 դեկտ.) եւ Աթենքում (17-18): ՀԵՀԵՄ-ը գործում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Հայրենիքում եւ Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում: Ժողովների նախօրեին Եվրոպայի մի շարք թեմերի հոգեւոր առաջնորդներ եւ հոգեւոր հովիվներ, նախագահությամբ ՀԵՀԵՄ գլխավոր պատասխանատու Բարձրաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի, հանդիպեցին Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀԵՀԵՄ Եվրոպայի տարածաշրջանին վերաբերող մի շարք հարցեր, հատկապես Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից 2018 թվականը երիտասարդության տարի հռչակելու հետ կապված կազմակերպչական հարցեր: Առաջնորդների ժողովն իր պաշտոնում վերընտրեց Իտալիո Հայոց հոգեւոր հովիվ եւ Հայրապետական Պատվիրակի փոխանորդ Հոգեշնորհ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանին, որպես ՀԵՀԵՄ Եվրոպայի հոգեւոր պատասխանատու 2 տարվա համար, իսկ օգնական ընտրվեց   Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի Փոխանորդ Հոգեշնորհ Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանը։

Բոլոր երեք քաղաքներում համախմբված երիտասարդները Եվրոպայի հայկական թեմերի եւ համայնքների պատասխանատու եկեղեցական Հայրերի հետ ամփոփեցին մեկ տարի առաջ Բոլոնիայում տեղի ունեցած համաեվրոպական կոնֆերանսից հետո արված գործերը եւ քննարկեցին 2017 թվականի ծրագրերը՝ միանշանակորեն սեպելով այն որպես պատրաստության տարի 2018-ի համար: Լոնդոնում  խոսքով հանդես եկավ Օքսֆորդի համալսարանի դոկտոր պարոն Հրաչ Չիլինգիրյանը:

ՀԵՀԵՄ Եվրոպայի հերթական վերոհիշյալ ժողովները հյուրընկալեցին Անգլիայի թեմը՝ առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը,  Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակությունը՝  Հայրապետական Պատվիրակ՝ Հոգեշնորհ Տեր Տիրան վարդապետ Պետրոսյանը եւ Սկանդինավիո հոգեւոր հովիվ՝ Հոգեշնորհ Տեր Եղիշե վարդապետ Ավետիսյանը, Հունաստանի թեմը՝ առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Առաքելյանը:  

Ժողովներին իրենց կարեւոր մասնակցությունը բերեցին երիտասարդներ Անգլիայից, Շվեդիայից,  Բելգիայից, Հոլանդիայից, ֆրանսիայից, Իտալիայից, Լեհաստանից, Հունաստանից, Չեխիայից,  ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդներ եւ հոգեւոր հովիվներ՝  Բարձրաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը (ԱՄՆ), Գերաշնորհ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը (Ուկրաինա), Գերաշնորհ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը (Միացյալ փագավորություն), Գերաշնորհ Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը (Ֆրանսիա), Գերաշնորհ Տեր Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը (Ռումինիա), Հոգեշնորհ Տեր Տիրան վարդապետ Պետրոսյանը (Ավստրիա), Հոգեշնորհ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը (Բուլղարիա), Հոգեշնորհ Տեր Գուսան վարդապետ Ալաջաջյանը (Շվեյցարիա), Հոգեշնորհ Տեր Զատիկ վարդապետ Ավետիքյանը (Բելգիա), Հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Առաքելյանը (Հունաստան), Հոգեշնորհ Տեր Եղիշե վարդապետ Ավետիքյանը (Շվեդիա), Հոգեշնորհ Տեր Բարսեղ վարդապետ Փիլավչյանը (Չեխիա):

 


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները