Թեմ
Հրապարակված է: 05/24/2017
Հայապահպանության կարևոր գործոններից մեկը մայրենի լեզվի, հավատքի ու ինքնության պահպանումն է։ Այս վսեմ առաքելությանն է ծառայում Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմ Առաջնորդանիստ Սուրբ Ղևոնդյանց մայր տաճարի <<Փոքրիկ հրեշտակներ>> շաբաթօրյա դպրոցը։ Այն հայկական միօրյա վարժարաններից ամենամեծն է աշխարհում, ուր սովորում են տարբեր տարիքի շուրջ 250 աշակերտ: Հաստատությունն առաջիններից է, որ ամբողջովին որդեգրել է Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների դասագրքերը, ուր կրթական ծրագիրը հիմնված է Կալիֆարնիայի կողմից սահմանված լեզուների ուսուցման հիմնական չափանիշների վրա (Common Core State Standards): Դասարանների բաշխումը կատարվում է ըստ լեզվի իմացության: Ուսումնական տարին 10 ամիս է․ սկսվում է օգոստոսին և ավարտվում մայիսին: 2015թ․-ին Համաշխարհային հայկական կոնգրեսի և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կողմից կրթօջախը ճանաչվել է որպես Մայրենի լեզվի պահպանման լավագույն հաստատություն և արժանացել է Գլխավոր մրցանակի և դիպլոմի։ Դպրոցի ավարտական վկայականը ամերկյան կրթական հաստատությունների կողմից ճանաչվում է որպես երկրորդ օտար լեզվի վկայագիր։
<<Փոքրիկ հրեշտակներ>>-ում դասավանդում են ոլորտում հայտնի, արհեստավարժ մանկավարժներ, որոնց փորձառության և անսահման նվիրումի շնորհիվ դպրոցում տիրում է սիրո և համերաշխության, ջերմ մթնոլորտ։
<<Փոքրիկ հրեշտակներ>> շաբաթօրյա դպրոցի 2016-2017թթ. ուսումնական տարին սովորականի պես հագեցած էր, որովհետև ավանդական կազմակերպվող միջոցառումները ոչ միայն բարձրացնում են աշակերտների ազգային ոգին, այլ սեր ու հետաքրքրություն են առաջացնում դեպի մեր մշակույթը, պատմությունն ու կրոնը: Տարվա ընթացքում կազմակերպվում են նաև ժամանցային և ուսուցողական միջոցառումներ, որոնց մասնակից են դառնում նաև ծնողները: Նմանօրինակ ուրախ ձեռնարկներից էր Ս․ Ծննդյան հանդեսը, որն ուղեկցվում էր ուրախ երգերով, բանաստեղծություններով, ինչպես նաև առատաձեռն Ձմեռ պապիկի խանդավառ ներկայությամբ ու բարեմաղթանքներով։
<<Փոքրիկ հրեշտակներ>> շաբաթօրյա դպրոցն իր ակտիվ մասնակցությունն է բերում համայնքի տարբեր միջոցառումներին։ Արևմտյան Թեմի ստեղծման 90-ամյա հոբելյանի շրջանակներում կազմակերպված համաերիտասարդական եռօրյա միջոցառումներին դպրոցի մասնակցությունը վերածվել էր հավատքի վերականգման, ուխտի և համախմբվածության տոնակատարության:
Աննախադեպ էր Հայոց Ցեղասպանությանն 102-րդ տարելիցին նվիրված հավաքը: <<Փոքրիկ հրեշտակներ>>-ը՝ որպես թեմի միօրյա մայր դպրոց հյուրընկալել էին քույր դպրոցների շուրջ 500 աշակերտի։ Համատեղ, պատշաճ հայտագրից հետո, դպրոցականները ծաղիկներ դրեցին ցեղասպանության խաչքարի առջև, ապա հաղթանակի ու հարուցյալ հայ ժողովրդի խորհրդանշական պատկերներով զարդարեցին առաջնորդարանի բակը։

Ուսումնական տարեվերջյան ավարտական միջոցառումը, տեղի ունեցավ 2017թ․-ի, մայիսի 20-ին, Գլենդելի <<Գլին Արդեն Քլաբ>> սրահում։ Միջոցառման ընթացքում առաջին դասարանի աշակերտները հանդես եկան մայրենի լեզվին նվիրված գեղեցկահյուս բանաստեղծություններով ու երգերով, որից հետո նրանց շնորհվեց <<Տառաճանաչության>> վկայականներ։ Ինքնատիպ էր ավարտական 6-րդ դասարանի աշակերտների ելույթը։ Նրանք ներկայացրեցին տարվա ընթացքում կատարած <<Հայտնի հայեր>>-ի մասին իրենց հետազոտությունների սղագրությունը, որն սկսում էր 5-րդ դարի նշանավոր դեմքերից մինչև ժամանակակից հայ հոգեմտավոր աստղաբույլի ներկայացուցիչնեը։ Աշակերտները գեղեցիկ անակընկալ մատուցեցին նաև Ս․ Ղևոնդյանց մայր տաճարի հովիվ, արժանապատիվ, տ․ Խաժակ քահանա Շահբազյանին ծննդյան 40-ամյակի առթիվ։
Ավարտին ներկաներն իր օրհնությունը բաշխեց Առաջնորդ, բարձրաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանը։ Ապա, ներկաները հետևելով Սրբազան հորը, հոտնկայս կատարեցին միասնական ուխտ։
Աշակերտները մեկնեցին ամառային հանգստի, իսկ դպրոցի ղեկավարությունը սկսում է նախապատրաստել 2017-18 տարեշրջանի կազմակերպման աշխատանքները։ Նոր աշակերտների ընդունելությունը մեկնարկելու է հուլիսի 10-ից։
Անահիտ Ամիրյան