Թեմ
Հրապարակված է: 05/24/2017
Սրբոց Առաքելոց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Երվանդ Բաբայանի անունը կրող շաբաթօրյա դպրոցում Մայիսի 20-ին տեղի ունեցավ տարեվերջյան ավարտական հանդես։ Հանդեսն իրենց ներկայությամբ պատվեցին ծուխի հոգեւոր հովիվ Արժ․ Տեր Ավետիս քհն․ Աբովյանը, բաբայանի դուստր՝ Դոկ․ Սիլվա Քարայանը, ծնողներ, դպրոցի նախկին սաներ։
Միջոցառումն իր տեսակի մեջ բացառիկ էր և բաղկացած՝ 2 մասից։ Այն սկսվեց Տերունական աղոթքով, ապա շարունակվեց մայրենի լեզվին եւ Մայր Հայրենիքին նվիրված երգերով ու բանաստեղծություններով։ 2-րդ մասում երեխաները հանդես եկան աննախադեպ թատերական ներկայացմամբ, որը համեմված էր Հովհաննես Թումանյանի, Ղազարոս Աղայանի, Շառլ Պերոյի հեքիաթներից հյուսված հերոսներով։ Հեքիաթների հերոսներն իրենց խրատն ու պատգամն էին բերել հանդիսատեսին։ Երեխաները ներկայացան յուրովի, ինքնատիպ՝ մեծ ոգևորություն պատճառելով բոլոր ներկաներին։
Դպրոցի տնօրենուհի Քաղցրիկ Մանուկյանն իր խոսքում մանկությունը նմանեցրեց վառ ու գունազարդ հեքիաթի ինչի միջոցով մենք սովորում ենք կյանքի բարոյական դասերը, կարողանում ենք տարանջատել լավը վատից, կարևորը երկրորդականից, լույսը՝ խավարից։ Տնօրինուհին անդրադառնալով ուսումնական տարվա ավարտի հետ առնչված հուզումին եւ թախիծին հիշեցրեց բոլորին, որ դպրոցի յուրաքանչյուր ավարտ նորի սկիզբն է, ավելի լուսավոր և գեղեցիկ նորի, որի հիմքում ընկած է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու անաղարտ հավատն ու Մայր Լեզվի իմացությունը։
Իր լավատեսական և ոգևորիչ խոսքերով միջոցառումն եզրափակեց ծուխի հոգեւոր հովիվ Արժ․ Տեր Ավետիս քահանա Աբովյանը։ Տեր Հայրն իր խոսքում շեշտեց հայ մանուկին հայեցի մեծացնելու եւ դաստիարակելու կարևորությունը, հորդորեց ծնողներին մասնակցել եկեղեցում կատարվող միջոցառումներին, եւ մանուկներին ամեն զոհողության գնով մերձեցնել Եկեղեցուն եւ Մայր Լեզվին։ Տեր հոր կողմից գնահատանքի արժանացան ուսուցիչները, որոնք ջանք ու եռանդ չէին խնայել հանդեսը ինքնատիպ և յուրօրինակ դարձնելու համար, քանզի ուսուցիչներն են ոսկեղենիկ Հայոց լեզվի փոխանցողները եւ ուսուցիչների շնորհիվ է պահպանվում Հայոց ինքնությունը։
Միջոցառման ավարտին դպրոցի սաները Տեր հոր կողմից ստացան իրենց ավարտական վկայականները։
Իրապես անգնահատելի է Եկեղեցու դերը, որն ինչպես հնում, այնպես էլ այսօր իր ուսերի վրա է վերցրել մանուկին հայեցի կրթելու սրբազան պարտականությունը, քանի որ մեր մանուկներն են դառնալու մեր լուսավոր ապագան կերտողները։