Թեմ
Հրապարակված է: 05/24/2017
Մայիսի 18-ին Լոս Անջելոսի Հայաստանի Հյուպատոսարանը Գլենդել քաղաքում կազմակերպել էր բանաստեղծուհի Սոնա Վանի "Լիբրետո անապատի համար" գրքի անգլերեն թարգմանության շնորհանդեսը։ Բացումը կատարեց փոխհյուպատոս Պրն․ Վալերի Մկրտումյանը, որը բարիգալուստ մաղթեց ներկաներին և օրվա հոբելյար՝ Սոնա Վանին։
"Հայր Մեր" Տերունական աղոթքից առաջ Արժ. Տ. Հովսեփ Ավագ Քահանա Հակոբյանը Առաջնորդ Սրբազան Հոր՝ Գերաշնորհ Տ․ Հովնան Արքեպս․ Տերտերյանի անունով գնահատեց և շնորհավորեց Սոնա Վանի ստեղծագործությունը։ Հատկապես շեշտեց նաև նրա ամուսնու՝ Դոկտ․ Նուբար Ջանոյանի ավանդը Սոն Վանի կյանքում։ Տեր Հոր հետ ներկա էր նաև Առաջնորդարանի աշխատակից՝ Բարեշնորհ Հայկ Սարկավագ Տիգրանյանը:
Հանդիսավարն էր Արշալույս Դարբինյանը։ "Լիբրետո անապատի համար" պոեմի անգլերեն բանաստեղծությունները կարդաց ամերիկացի դերասանուհիներից մեկը, ապա Վարպետ Ավետիք Իսահակյանի թոռը՝ Ավիկ Իսահակյանը ներկայացրեց գիրքը հայերեն լեզվով։
Ելույթներ ունեցան գրողներ, դերասաններ, Սոնա Վանի արվեստի սիրահար օտար ներկայացուցիչներ և այլն։ Ներկա էին նաև Գլենտելի Քաղաքային Խորհրդի անդամներ՝ Պրն․ Զարեհ Սինանյանը և Պրն․ Վրեժ Աղաջանյանը։ Վերջում ելույթ ունեցավ ինքը՝ Սոնա Վանը, որը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին։ Ապա տեղի ունեցավ գեղարվեստական բաժինը և հյուրասիրություն: