Նվիրաբերել

Կարդալ Բոլոր Նորությունները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Տեղի Ունեցաւ Քահանայից Տարեկան Ժողովը

Թեմ

Հրապարակված է: 05/24/2017


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցաւ Քահանայից տարեկան ժողովը

Մայիսի 25-ին, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցաւ Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու Հայաստանի եւ Արցախի թեմերում սպասաւորող քահանաների տարեկան հաւաքը: Ժողովին մասնակցում էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի 45 միաբաններ եւ 184 քահանաներ: Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ Ամերիկայի Միացեալ Նահանգներու Արեւմտեան Թեմը ներկայացուց Արժ. Տ. Յարութիւն Քհնյ. Թաշճեանը:  

Եկեղեցականաց դասը` Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխաւորութեամբ, նախ Մայր Տաճարում մասնակցեց Գիշերային ժամերգութեանը:

Այնուհետեւ Գեւորգեան հոգեւոր ճեմարանի հանդիսութիւնների դահլիճում ժողովն սկսեց իր աշխատանքը:  Տէրունական աղօթքից յետոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղօթեց վերջին տարում ի Տէր յանգչած հոգեւորականների, ինչպէս նաեւ հայրենեաց պաշտպանութեան ընթացքում զոհուած քաջարի հայ զինուորների հոգիների հանգստութեան համար:

Այնուհետեւ բացման խօսք ասաց կազմակերպիչ յանձնախմբի նախագահ, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայէլ եպիսկոպոս Աջապահեանը:

Հայոց Հովուապետի անունից ողջունելով եկեղեցականներին` Միքայէլ Սրբազանն անդրադարձաւ ժողովի օրակարգին` վստահութիւն յայտնելով, որ հոգեւոր դասի պատկառելի կազմը երաշխիքն է նորանոր նուաճումների եւ  ձեռքբերումների` յանուն Աստծոյ փառքի, հայրենիքի շինութեան եւ Հայ Եկեղեցու զօրացման: Հոգեւորականների անունից Սրբազան Հայրը մաղթեց, որ Տէրն անսասան պահի Արարատեան աշխարհը` իր նահատակ կոյսերի բարեխօսութեամբ, Ս. Գրիգոր Լուսաւորչի տեսիլքով, եւ պայծառ մնա Մայր Աթոռն իր գահակալով եւ եպիսկոպոսաց դասով, իր միաբանութեամբ եւ հոգեւորականներով:

Հաւաքի քննարկման նիւթ էին ընտրուել հովուական, ծիսական կեանքին, ինչպէս նաեւ քարոզչական, կրթադաստիարակչական  գործունէութեանն առնչուող մի շարք խնդիրներ:

Ծիսական հարցերի շուրջ զեկոյցներով հանդէս եկան Արժանապատիւ Տ. Զոհրապ քահանայ Մանասեանը (Կոտայքի թեմ) եւ Արժանապատիւ Տ. Նշան քահանայ Պանֆեօրովը (Շիրակի թեմ): Ծխական քահանաների կրթադաստիարակչական  գործունէութեան վերաբերեալ զեկոյց ներկայացրեց Արժանապատիւ Տ. Շաւարշ քահանայ Սիմոնեանը (Տաւուշի թեմ):

Քննարկումներից յետոյ քահանայից ժողովը հանդէս եկաւ նաեւ յայտարարութեամբ.

«Մենք` Հայաստանի եւ Արցախի թեմերի քահանաներս, գոհութիւն եւ փառք ենք յայտնում Աստծուն, որ համախմբուել ենք Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահութեամբ եւ մեր թեմակալ առաջնորդների ղեկավարութեամբ` անդրադարձ կատարելու հովուական կեանքին եւ առաքելութեանը:

Արարատեան տօների եւ մայիսեան յաղթանակների ոգեշնչող մթնոլորտում մէկ անգամ եւս վերահաստատում ենք մեր ուխտը հանդէպ մեր առաքելահաստատ Սուրբ Եկեղեցին եւ Մայր Հայրենիքը:

Մեր զօրակցութիւնն ու սէրն ենք յղում հայրենեաց սահմանները պաշտպանող մեր քաջարի մարտիկներին ու խիզախ հրամանատարներին եւ նաեւ իրենց ընտանիքների սիրասուն անդամներին` աղօթելով մնայուն խաղաղութեան եւ Հայոց աշխարհի անսասանութեան համար:

Մտահոգ Մերձաւոր Արեւելքի պայթիւնալի իրավիճակից` յոյս ենք յայտնում, որ միջազգային հանրութիւնը կը գտնի ուղիներ խաղաղ եւ արդար յանգուցալուծման համար` ապահովելով նաեւ մեր հայրենակիցների անվտանգ կեանքը:

Աղօթում ենք ղարաբաղեան հակամարտութեան ընթացքում եւ, մասնաւորապէս, ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծուած ռազմական գործողութիւնների հետեւանքով նահատակուած հայորդիների հոգիների հանգստութեան համար եւ Սուրբ Հոգու զօրակցութիւնն ենք հայցում նրանց սգակիր մայրերին եւ ընտանեաց բոլոր անդամներին: Շուտափոյթ ապաքինում ենք մաղթում վիրաւորներին:

Վստահ ենք, որ մայիսեան յաղթանակների ոգին պիտի աննահանջ մնա հայոց կեանքում` թէ՛ խաղաղ ստեղծագործ աշխատանքի մէջ եւ թէ՛ հայրենեաց սահմանների պաշտպանութեան սրբազան գործում:

Զօրացած Ս. Հռիփսիմեանց եւ Ս. Գայանեանց բարեխօսութեամբ, մեր հայեացքը յառած Խոր Վիրապից ճառագող լոյսին եւ հաստատուած Քրիստոսահիմն Մայր Աթոռի յաւիտենական առաքելութեան վրայ` շարունակելու ենք մեր անսակարկ ծառայութիւնը մեր հաւատաւոր ժողովրդին եւ վերանորոգուած տեսիլքով ու թարմ աւիւնով վերադառնալու ենք Տիրոջ կողմից մեզ վստահուած այգիների մշակութեանը»:

Ժողովն ամփոփուեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեան խօսքով: Նորին Սրբութիւնը նախ իր ուրախութիւնն արտայայտեց հաւաքի առիթով` գնահատանք յայտնելով Միքայէլ Սրբազանին ու կազմակերպիչ յանձնախմբին:

Վեհափառ Հայրապետը գովելի նկատեց հաւաքի ընթացքում Հայ Եկեղեցուն ու եկեղեցականներին յուզող հարցերի ու խնդիրների արծարծումը, ինչը առիթ է ընձեռում անդրադարձ կատարելու եւ ուղիներ գտնելու հոգեւոր ծառայութեան առաւել արդիւնաւէտ կազմակերպման համար:

Հայոց Հովուապետը քահանայից դասին պատգամեց շարունակել նախանձախնդիր եւ նուիրեալ ծառայութիւն բերել ժողովրդին եւ ամենայն ջանք ի գործ դնել` մշտապէս բարձր պահելու Հայ Եկեղեցու հեղինակութիւնը:

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ անդրադարձ կատարեց Արցախեան վերջին իրադարձութիւննների ժամանակ Մայր Աթոռի միաբանութեան, Հայաստանի եւ Սփիւռքի թեմերի եւ թեմական կառոյցների գործունէութեանը: «Գնահատանքի է արժանի այն ոգին ու նախանձախնդրութիւնը, որ դրսեւորուեց մեր թեմակալ առաջնորդների եւ եկեղեցական սպասաւորների կողմից: Նրանք ջանացին կարելին անել, որպէսզի հնարաւոր աջակցութիւն հասցուի հայրենեաց պաշտպան մեր զինուորներին, նրանց ընտանիքներին ու վիրաւոր անձանց: Եւ այսօր էլ շարունակում են գտնուել դիրքերում` Հայրենիքի սահմանները պահպանող մեր զինուորների կողքին, եւ իրենց խօսքով ու գործով զօրակցում քաջարի զինուորներին:

Պիտի շարունակուեն հետեւողական աշխատանքներ իրականացուել, որպէսզի մեր բանակը լինի զօրեղ եւ կարելի աջակցութիւն մատուցուի եկեղեցականների ու մեր զաւակների կողմից ի նպաստ հայկական բանակի», - ասաց Վեհափառ Հայրապետը` տեղեկացնելով նաեւ զոհուած եւ վիրաւոր զինուորների ընտանիքներին Մայր Աթոռի Սոցիալական ծառայութեան կողմից ցուցաբերուած աջակցութեան մասին:

Հայրենիքի խաղաղութեան համար առ Աստուած աղօթք բարձրացնելով` Նորին Սրբութիւնը քահանայից դասին մաղթեց մայիսեան յաղթանակների խորհրդով բարձրացնել ազգային գիտակցութիւնն ու հայրենասիրական ոգին` ընդգծելով, որ բացառապէս այդ ոգով է հնարաւոր դիմագրաւել Հայրենիքի առջեւ ծառացած բոլոր մարտահրաւէրները:

Վերջում հոգեւոր դասը մասնակցեց նաեւ Երեկոյեան ժամերգութեանը:


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները