Թեմ
Հրապարակված է: 06/09/2017
Յունիսի 9-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահութեամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցաւ Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողով:


Ժողովը բացուեց Տէրունական աղօթքով, որից յետոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնութիւնը բերեց ներկայ ժողովականներին` շնորհաւորելով խորհրդի նորընտիր անդամներին եւ մաղթելով նրանց արդիւնաւէտ աշխատանք ԳՀԽ կազմում: Նորին Սրբութիւնն ընդգծեց այն կարեւոր ծառայութիւնը, որ ԳՀԽ անդամների կողմից մատուցւում է Հայոց Եկեղեցու առջեւ ծառացած մարտահրաւէրների յաղթահարման եւ հոգեւոր առաքելութեան առաւել արդիւնաւորման համար:
Ժողովի նիստերն ատենապետեց Հայաստանի Աստուածաշնչային ընկերութեան նախագահ Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսեանը:
Գերագոյն հոգեւոր խորհուրդն անդրադարձ կատարեց յունիսի 6-8-ը Մայր Աթոռում տեղի ունեցած Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի 6-րդ գումարման աշխատանքներին` գոհունակութիւն յայտնելով արձանագրուած արդիւնքների առնչութեամբ: Մասնաւոր գնահատանքով արձանագրուեց, որ Եկեղեցական-ներկայացուցչական ժողովում դրական ընդունելութեան արժանացաւ Ազգային-եկեղեցական ժողովի կանոնադրութեան փոփոխութիւնների նախագիծը, որը պիտի նպաստի Եկեղեցու կանոնական կեանքի ամրապնդմանը:


Գերագոյն հոգեւոր խորհրդի օրակարգում քննարկման նիւթ դարձաւ Ազգային-եկեղեցական ժողովի գումարման եւ օրակարգի ձեւաւորման հարցը: Արձանագրելով Ազգային-եկեղեցական ժողովի կարեւոր դերակատարութիւնը եկեղեցական եւ ազգային կեանքում առկայ մարտահրաւէրների յաղթահարման գործում` որոշուեց ստեղծել ժողովի նախապատրաստման յանձնախումբ:
Նիստի ընթացքում արծարծուեց նաեւ Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի ժամանակ ներկայացուած` Հայաստանում ծնելիութեան իրավիճակի վերաբերեալ զեկոյցը: Հիմք ընդունելով նիւթի շուրջ ծաւալուած քննարկումները եւ արտայայտուած մտահոգութիւնները` Գերագոյն հոգեւոր խորհուրդը ձեւաւորեց յանձնախումբ` խնդրի առնչութեամբ հովուական-քարոզչական անհրաժեշտ ծրագրեր կազմելու եւ Հայաստանում ծնելիութեան աճի խթանմանն ուղղուած այլ միջոցառումներ ձեռնարկելու համար:
Առանձին յանձնախումբ ձեւուորուեց նաեւ Սարդարապատի ճակատամարտի եւ Հայաստանի առաջին Հանրապետութեան ստեղծման 100-րդ տարեդարձի առիթով Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու կողմից իրականացուելիք միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:
ԳՀԽ նիստն աւարտուեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնութեան եւ գնահատանքի խօսքով: